ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մենք պիտի կարողանանք մեր դատը պաշտպանել աշխարհի առաջ

Մենք պիտի կարողանանք մեր դատը պաշտպանել աշխարհի առաջ
13.12.2012 | 14:43

Մեր հարևան երկրներից մեկը չեղած տեղից իր ծագումնաբանության մասին վիճահարույց պատմություններ է հորինում։ Նրա ավագ եղբայրը փորձում է պղծել պատմական մի ողջ իսկություն և աշխարհին ներկայանալ արյունարբուի խարանը ջնջած։ Իսկ մենք` տերը մեր ճակատագրի, դժվարությամբ ու նաև միօրինակությամբ ենք ներկայացնում մեր չմոռացվող անցյալի սահմռկեցուցիչ էջերից մեկը։ Ամենաշատը, որ կարողանում ենք անել ապրիլի 24-ի մոտակայքում, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրությունն է, ցուցահանդեսների ու գիտաժողովների կազմակերպումը, տարվա ընթացքում` հատուկենտ և արժեքավոր գրքերի լուսընծայումը։

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, այդպիսի մի գիրք` արխիվային հարուստ տեղեկությունների ակադեմիական ճշտությամբ և պրոֆեսորական աշխատասիրությամբ, օրերս հեղինակեց Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը. «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում։ Վերապրածների վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն թարգմանվելու է ռուսերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով։
Երկրորդը` 600-էջանոց ստվարածավալ «Երբ դրախտը դարձավ դժոխք» գիրքը, 1915 թ. դժոխային տարիների վավերագրությունն է` կոնկրետ փաստերի, դեմքերի ու դեպքերի հիման վրա։ Զարմանում ես, թե ինչպիսի՜ գողգոթայի միջով է անցել հեղինակը, որ կարողացել է տեսած-լսածը ներկայացնել մի այնպիսի շնչով և գեղարվեստորեն, որ էլ չեսն հասկանում` սփյուռքահայ մանկավարժ ՍԵԴՐԱԿ ԲԱՂԴՈՅԱՆԸ բանաստե՞ղծ է, թե՞ արձակագիր։ Մարդ ինչպիսի՞ աշխատասիրություն պիտի ունենա, պիտի լինի մշակ, ճգնավոր, քարեղեն համբերության տեր, որ այդպիսի գիրք թողնի ներկա և գալիք սերունդներին։
Վավերագրությունն առանձին բաժիններով, մաս առ մաս տպագրվել է տարիներ առաջ, 1950-ին` Կիպրոսում, և 1964-ին` Ամերիկայում։ Սա, փաստորեն, առաջին և ամբողջական վիճակն է, որ տպագրության է հանձնել Մարկ Նշանյանը։ Վերջինիս ասելով, Սեդրակ Բաղդոյանի հուշագրությունը եզակի է. ամփոփված են 7 գրքեր, որոնք տասնամյակներ շարունակ խմբագրվել և վերաշարադրվել են առնվազն 4-5 անգամ։
Գրքի ստեղծման և անցած ճանապարհի մասին հավաստի տեղեկացնող խմբագիրը կարևորում է մանկավարժի գրական գործունեությունը, փաստելով. «Երբ դրախտը դարձավ դժոխք...» հոդվածների համահավաքում կան գործեր, որոնք նովելի ժանրից են և կան պատմվածքի ոգով գրված հուշապատումներ»։
Գրքից ստացած տպավորությունների մասին ահա թե ինչ է ասում բանաստեղծ Հովիկ Հովեյանը. «Հիշողությունը սերունդներին փոխանցելու ինքնակազմակերպվածությունը հետապնդում է նաև այն նույն սերնդի մատնեմատն անցյալի տրոփուն ցավի վրա մշտապես պահելու գերխնդիրը։
Մանկավարժ Սեդրակ Բաղդոյանն իր «Երբ դրախտը դարձավ դժոխք» հուշագրությունում հրաժարվել է ամենամոտ անցյալի անձանց, իրադարձությունների, արհավիրքների (ցեղասպանություն) ու դեպքերի նկատմամբ գերսուբյեկտիվիստական վերաբերմունքից և որդեգրելու, այսպես կոչված, գեղաէսսեիստիկական մեթոդաբանությունը։ Մեթոդաբանական այս պոստուլատն էլ հենց օգնել է հեղինակին բարեշրջելու պայմանական-գեղարվեստական և տվյալ դեպքում անչափ կարևոր ժողովրդագրական, բնագիտական, վկայաբանական, նաև` փաստաթղթային սահմանումներից զերծ էջերի արձանագրություններ ստեղծել։ Փրկության և հույսի գաղափարը թևածում է գրքի «Երազ ու օրոր», «Անդունդե անդունդ», «Հացի ու սիրո երգեր», «Կարկուտեն ետք` ծիածան» և այլ պատումներում։
Բաղդոյանը և՛ տարեգիր է, և՛ բնագետ, և՛ քարտեզագրող, և՛ ազգագրագետ։ Առկա է նաև շարադրանքի դրամատուրգիական ձևաչափը։ Վերապրումի բարոյական ըմբռնումը (որքան էլ որ այս դեպքում ընթերցող-ականատեսն ենք դառնում տեղի, ժամանակի և գործողության միաբևեռացման մտայնության) պատռում է սուբյեկտիվիստական-ներանձնական ենթաշերտը և ձեռք բերում համամարդկային հնչեղություն։
Հեղինակը զերծ է մնացել անհարկի խորհրդանշական կերպեր ընդունող պատկերներից, բանահավաքի գորովանքով «հավաքել» իր իսկ տեսանած փաստիրողություններն ու հոգեպես ներձուլվել իր միջավայրի մարդկանց ճակատագրին։ Ապացույցի ճիգեր չկան Բաղդոյանի` մեզ ժառանգած էջերում։ Հետքեր են, կորուստներ, հետևանքներ և ժամանակաշրջանի համար չափազանց բնութագրական մեկնակետեր։ Հիրավի, չի կարող լինել սարսափի, մղձավանջի գեղագիտություն։ Կարող է լինել և եղել է մարդը, ով այդ ամենն իր ներսի վտակներով անցկացնելուց հետո, թաքցրել է դարձյալ իր ընդերքի աներևույթ ծովում և ալիքներին տվել հիշողության գույնն ու աղահամը միայն։
Գրքի առաջաբանի հեղինակ և խմբագիր Մարկ Նշանյանի միտումը` հեղինակի ստեղծագործությունն Արշակուհի և Արմենուհի Թեոդիկների, Կարապետ Գաբիկյանի, Զապել Եսայանի, Արամ Անտոնյանի, Հակոբ Օշականի, Լևոն-Զավեն Սյուրմելյանի և այլոց աշխատասիրությանց համատեքստում երևացնելը, «Եղեռնական հուշապատումը» ամբողջացնելու և համալրելու գրականագիտական, ճանաչողական նպատակ է հետապնդում։
Երևույթների և իրադարձությունների ուսումնասիրությունը, վիճակագրությունը, անշուշտ, կարևոր են պատմական ճշմարտության կանոնակարգման ու հասարակական միտքը սթափ պահելու գործում։ Սեդրակ Բաղդոյանի պատումը հեռու է վերոհիշյալ վիճակագրական մեթոդների հստակ, մաթեմատիկական ըմբռնումներից և գեղարվեստահուշագրական արձակի ժանրի տիրույթների մեջ է»։
Մանկավարժ-հեղինակն ապրել է մտավորականին հարիր պատվախնդրության անչափ կարևոր, երկարատև մի կենսագրություն, ննջել ու արթնացել է տարակույսի ու հաստատակամության բարոյական ներձուլումներով, մեկ վրիժառուի սրտով, մեկ հավատացյալի մրմունջով բացուխփել տարիների դռներն ու, ի վերջո, հասել նպատակային կառամատույցի, որտեղ և գտել է դիմավորողների հարազատական դեմքերը։
Այժմ ցանկալին այն է, որ «Երբ դրախտը դարձավ դժոխք...» հուշագրությունների համահավաք գիրքն օր առաջ գտնի իր բազմահազար ընթերցողներին, այդ թվում և` օտարալեզու։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ